Ողջույն, ես սեբաստացի Հայկ Արեգն եմ, հա՛-հա՛ հենց Հայկ Արեգ։ Հայրս ուզում էր, որ ես մարտի ութին ծնվեի ( կանանց միջազգային և իր ծննդյան օրը) , իսկ մայրս՝ տասներեքին (Չարենցի ծննդյան օրը), բայց ես ծնվել եմ ամենահարմար պահին՝ հայկյան ամանորին՝ մարտի քսանմեկին:

Չնայած մայրիկիս չափերով փոքրիկ լինելուն, ես ծնվել եմ երեք կիլոգրամ: Ես իմ մեծ ընտանիքի երրորդ զավակն եմ: Անվանս պատմությունը մի քիչ երկար է, մայրիկս է որոշել, բայց դա հետո… ինքը մի ուրիշ առիթով հաստատ ձեզ կպատմի:
Սկզբում, երբ դեռ քառասուն օրականս չէր լրացել աչքերիս գույնը կանաչ էր, հետո մոխրագույն, մի պահ ՝ կապույտ, բայց երեք ամսականից հետո սկսեցին մգանալ և շագանակագույն դառնալ:

Հեշտ չէ երկու քույրերի եղբայր լինել կամ սեբաստացի մայրիկի որդի: Ամեն օր քույրերիս ճանապարհում եմ պարտեզ, գալիս տուն, սնվում, լողանում, զրուցում, սովորում, խաղում, երգում և հանգիստ ( մինչև քույրերիս գալը😅 ) քնում, բայց և այնպես ես սովոր եմ աղկումի, բարձր և շրխկան ձայների ներքո քնել…
Երկու ամսականից սկսած ՝շատ ճարպիկ տղա եմ. շարժվել ու կարողացել եմ ինձ շրջել , շատ ճկուն և արագաշարժ եմ: Երեք ամսակԱնից ճանաչել եմ քույրերիս, մայրիկիս և հայրիկիս: Մայրիկս թույլ չի տալիս, որ տզտզանք կամ լացենք, բայց լինում են օրեր, որ երեքս էլ կառավարումից դուրս ենք գալիս, այն էլ ՝միաժամանակ…
Իսկ մայրիկս, իսկ մայրիկս ի՞նչ է անում: Մայրիկս գժվում է, սկսում է երգել կամ պարել և այդպես երեքիս ուշադրությունը կենտրոնացնում իր խենթությունների վրա, բարձրացնում երեքիս տրամադրությունները, կերակրում և այլն: տնային օպերա, թատրոն և կրկես… դրանից էլ լա՞վ բան:

Ուզած-չուզած, չծնված-ծնված օրերից սկսած՝ մենք էլ մեր ծնողների հետ ճամփորդում ենք. ու մեր ճանապարհը՝ սովորականից մի քիչ ավելի երկար է ստացվել՝ չորս հարյուր կիլոմետր: Մի գիշեր հյուսիսում, մի գիշեր՝ հարավում և այդ ճամփորդությունների թիվն արդեն կորցրել ենք:









Ես էլ շատ ուշադիր հետևում ու սիրում եմ մեր ազգային տոները, ծեսերն ու արարողություններին. կրթահամալիրյան, ընտանեկան, քաղաքային և այլն: Չնայած, որ դեռ դրանցից այդքան էլ գլուխ չեմ հանում, բայց մայրիկս ինձ ամեն տեղ և ամենին մասնակից է դարձնում:
Տեսանյութում մեր խաղաղ քնից փոքրիկ ու սիրուն հատված:
Ժամանակը շատ արագ է անցնում: Հիմա ես արդեն ութ ամսական եմ: Ունեմ երկու ատամ, ծափից ու չոչից բացի, արդեն ինքնուրույն բռնված քայլեր եմ անում: Մեկ անգամ ներարգանդային կյանքում, արդեն մասնակցել եմ քրոջս ատամհատիկի կրթահամալիրյան ծեսին, իսկ հիմա հերթը իմն է ՝( դեկտեմբերի տասին, Հարավային դպրոցում) ընտրել ապագայի ենթադրյալ մասնագիտությունս:
Իսկ քեզ, անվանս պես, հաղթական ու արևոտ օրեր եմ մաղթում:
8.12.22թ.: