Քոլեջի ուսանողներից մեկի՝ Ռոզա Խաչատրյանի բլոգից: Կարդացի մի քանի դասավանդողների հետ զրույցները, հետաքրքիր էին, շատ հիշելու և մտածելու և ինքս ( կամավոր) ցանկացա գրել, պատասխանել այս հարցերին: Շնորհակալություն:
ՀԱՐՑԱՇՓՈԹ
– Կխախտեի՞ք օրենքը ՝ սիրելիին փրկելու համար
– Իհարկե, սիրո հետ կապված, ամեն ինչ էլ կարելի է: Միգուցե, արդեն խախտել եմ:
– Ի՞նչ հատկություն եք համարում էական, որպեսզի այն ունենան բոլոր մարդիկ
– Կարծում եմ, որ բոլորս պետք է եղածից մի քիչ ավելի շատ ուժեղ լինենք. և՜…
Եսասիրությունն ( ինքնասիրությունը) էլ, այդքան էլ վատ հատկություն չէ:
– Ինչպե՞ս հասկացաք, որ Ձմեռ պապը գոյություն չունի
– Հասկացա՞: 🤷♀️ Պիտի հավատամ, որ երեխաներիս նույնպես կարողանամ հավատացնել…
– Ո՞րն է Ձեր առաջին հիշողությունը Ձեր մանկության մասին
– Հիշողությունները շատ են, իհարկե, և՛ լավ, և՛ վատ, և՛ արկածային., բայց երևի ամենաթեթևն ու պարզը գրեմ: Կապանում շատ էին հատուկ համերգներ և միջոցառումներ լինում, որտեղ և՛ հանդիսատես էինք , և՛ մասնակից: Պարի առաջին ելույթներից մեկում, հիշում եմ, թե ինչպես էինք ես, մայրս ու էլի մի քանի հոգի( ում բեմական զգեստը չէին հասցրել վերջնական կարել, և ավարտին են հասցրել համերգի մեկնարկի ժամին) վազում Վաչագան գետի երկայնքի մի փոքրիկ հատվածով՝ դեպի Մշակույթի կենտրոն: Ու վերջին պահին, կուլիսների ետևում( հա՛, ոչ թե հանդերձարանում, այլ հենց ետնաբեմում) արագ և շփոթված հագնվելն եմ հիշում ու, ի հակառակ դրան, գեղեցիկ մուտքը:
– Եթե մի օր անմահ լինեիք, ի՞նչ կանեիք
– Կանեի այն, ինչ արդեն արել եմ, անում եմ և անելու եմ:
– Կարո՞ղ էիք մեկ մարդու կյանք զոհաբերել ՝ հարյուր մարդու կյանք փրկելու համար
– Իկարկե ո՛չ: Զոհաբերություն բառը չեմ հավանում:
– Եթե կարողանաք հանդիպել անցյալից հայտնի մարդու, ու՞մ կհանդիպեք
– Ինձ:
– Ի՞նչ եք կարծում, ո՞րն է երբևէ ստեղծված լավագույն գյուտը
– Գինին … առաջինը՝ երևի արդեն հասկացաք :
– Ո՞ր երկիր եք ցանկանում այցելել
– Ցանկանում եմ երեխաներիս պատվին երեք գագաթ նվաճել. Արարատ 5137 մ, Էլբրուս 5642 մ ( կամ Կազբեկ) և Էվերեստ (Ջոմոլունգմա) 8849 մ: Կարծում եմ դուք արդեն կենթադրեք, թե, որ երկրներում կլինեմ:
– Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր ամենամեծ թերությունն ու ամենամեծ առավելությունը
– Ամենամեծ թերությունը նույն առավելությունն է՝ ցածր ինքնագնահատականը: Եվ՛ խանգարել է, և՛ ստիպել, որ անընդհատ աշխատեմ, կրթվեմ, ինքնակրթվեմ, զարգանամ, կատարելագործվեմ, անընդհատ վազեմ, փնտրեմ, մոլորվեմ, գտնեմ, կորցնեմ, ձգտեմ հասնել իդեալին…
– Ո՞րն է ամենախենթ բանը, որ արել եք Ձեր ամբողջ կյանքի ընթացքում
– Մեկ արձակուրդի ընթացքում՝ երկու երեխա ունենալը: Պարզ է, որ դրանից առաջ լիքը խենթությունների միջով ենք անցել:
– Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Ձեր տարիքը չիմանայիք
– Ուզում էի գրել, որ դեռ չեմ ծնվել, բայց չէ՛: Եթե տարիքս չիմանայի ինձ տասնվեց կտայի, դե մեկ-մեկ էլ ՝ քառասունվեց իրականում՝ քսանվեց տարեկան եմ:
– Եթե կարողանաք ընդամենը մի բան փոխել աշխարհում, ո՞րը կլինի դա
– Ընդհանրապես՝ ամեն ինչ այս աշխարհում ինձ դուր է գալիս: Կարծես ամեն ինչ նախապես մտածված լինի, ամեն ոք ստանում է այն, ինչին արժանի է և ինչին ձգտում է: Աշխարհում ոչինչ պետք չէ փոխել: Մարդկանց մեջ պետք է բան փոխվի, որ մի քիչ ավելի շա՜տ սիրեն իրար:
– Անում եք այն ամենն, ինչին հավատու՞մ եք, թե՞ հավատում եք այն ամենին, ինչ անում եք
– Ստացվում է այնպես, որ երկուսն էլ ստացվում է:
– Ինչի՞ մասին եք ավելի շատ մտահոգվում. ճիշտ բաներ անե՞լ, թե՞ այն, ինչ անում եք, ճիշտ անել
– Այս հարցը կարելի է առանձնացնել շարքից, որովհետև սովորականից մի քիչ ավելի երկար մտածեցի: Կարծում եմ, մինչ այս՝ ինչ արել ճիշտ եմ արել, անգամ սխալներս՝ ինձ մի մեծ և ճիշտ դաս են եղել:
– Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենահիշարժան պահը
– Ամենահիշարժան պահը եղել է այն, երբ առաջին անգամ մայրացել եմ: Ինձ արդեն ամենակարող էի զգում, պատրաստ դիմակայելու ցանկացած հարվածի և դժվարության:
– Կա՞ բան, որի համար ափսոսում կամ մեղավոր եք զգում
– Մեղավոր եմ զգում, որ այլևս հայրենի հողում չեմ ապրում, բայց ուրախ եմ, որ Հայաստանումս եմ: Ափսոսում եմ, որ հոգիս մեկ մարմնում է և ֆիզիկապես չի կարող միաժամանակ ամենուր լինել:
ԲԼԻՑ
– Իր, որ միշտ Ձեզ հետ է
– Բանալի և բջջային:
– Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի
– Կախարդական գաղտնիքիս:
– Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս
– « Վե՛ր կաց ***նքոտ, լվացվի՛ր, ինչ ես պառկել և անջատված առաստաղին ես նայում: Ուժե՛րդ հավաքի՛ր և անցի՛ր գործի:»
– Արտահայտություն, որը հաճախ եք անում
– Իսկապե՞ս: Դու կարող ես: Կեցցե՛ս: Շնորհակալություն:
– Մի բան, որը երբեք չեք անի
– Երբեք չեմ ասի երբեք:
– Ինչի՞ց եք վախենում
– Մահից հետո չլինելուց:
– Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք
– «Կյանքը հիասքանչ է»:
– Ի՞նչը տանել չեք կարողանում
– Օ՜, լինում է այնպես, երբ ես ինքս ինձ համար եմ անտանելի դառնում: Իսկ աայնպես՝ չեմ կարող տանել բացասական քննադատությունը, բողոքները և նվնվոցը:
– Կյանքում ի՞նչը երբեք չեք ների
–Գիտեմ, դժվար է., բայց պետք է կարողանալ կյանքում ամեն բան հասկանալ, գիտակցել, խաղաղվել ինքդ քեզ հետ և պարզաապես ներել: Բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք: Ոչ ոք իդեալական չէ: Եվ, եթե մայր ենք ( գրեթե ՝ կիսաաստված), ապա պետք է ներենք ամեն բան:
– Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը
– Կյանքս տեղով մեկ ձեռքբերում է, չգիտեմ էլ, որ մեկը առանձնացնեմ կամ համարեմ ամենամեծը: Մեծ ձեռքբերում է ծնվել և լինել հայ, ունենալ լիարժեք հայկական դաստիարակություն, բարձրագույն իրական կրթություն, սիրած աշխատանք, մեծ ընտանիք, հոգատար ամուսին, բազմազավակ մայրություն, ամուր կապեր և մեծ շրջապատ, հարազատ մարդիկ: Եվ այն է, որ գիտեմ, թե ով եմ ես, ինչ եմ ինձնից ներկայացնում:
– Եվ վերջում, Ձեզ բնորոշեք մեկ բառով
Երջանիկ խենթՈւկ: