Ես հաշմանդամ եմ —
շուրթերդ ինձնից խլել են:

***

Ես տիղմ եմ —
ինձ տեսնելու համար
ծովի հատակը պիտի հասնես:

***
Չէ, սարագնաց չեմ –
դաշտս տեսնելու համար եմ
գագաթ բարձրանում:

***
Ստվերս,
որ հեռանում էր արևի գնալուն պես,
արդ
իմ հեռացումից է գնացել:

***
Պիտի ինձ տուն տանեմ,
տանեմ երեսը լվանամ,
տանեմ հանգստանա,
մխիթարեմ չմտածի,
ասեմ՝ կանցնի, որ չտխրի…
Պիտի ինձ տանեմ քնեցնեմ.
եսս հոգնած է:

***
Իմ վիճակը
գիտի այն մոմը,
որը վառում են
այլ բան տեսնելու համար…

ՄԻԱՅՆԱԿ ԶԲՈՍԱՆՔ

Թե ձեռքդ լիներ,
ձեռքս
գրպանումս չէր լինի:

***
Դու, որ կորել ես
գիտես որտեղ ես:
Դու մի՛ տեղ ես կորել
ես ամենուր պիտի փնտրեմ:

***
Երանի քեզ —
քեզ մոտ ես…

***
Դու բառերիս արանքի լռությունն ես —
ամեն չասածս
դու ես…***
Թե սիրահարված լինեիր,
ես ծառն օրինակ չէի բերի,
սարն ու ծովն էլ,
անգամ կնոջը…Բայց դու սիրահարված չես,
և ես ստիպված եմ խոսել…Թե սիրահարված լինեիր,
միասին
կլռեինք ու կսիրեինք —
ոչ կհարցնեիր,
ոչ կպատասխանեի։

***
Ոտքերը,
որ կարող էին յարիս մոտ տանել,
հիմա հացի հերթում
խճի հետ են խաղում:
***
Կարոտը մարդաշատ փողոց է,
որի մեջտեղում կանգնած
տեսնում ես՝ գալիս են,
տեսնում ես՝ գնում են,
իսկ դու շարունակ կանգնած ես:
***
Նա, ով նստած է
միշտ չէ, որ հոգնած է,
գուցե տեղ չունի գնալու…
Նա, ով նստած է
գուցե հոգնած է,
գուցե ամենուր փնտրել ու հոգնել է…
Նա, ով նստած է,
համոզված եմ՝
ինչ-որ մեկին կորցրել է…
***
Բաժակներից՝
կոտրվածի մասին ենք մտածում,
մարդկանցից`
կորցրածի,
նրա՝ ում չենք հասել…
Միշտ էլ լավ է այն, ինչ չկա:
***
Թռչնից, որ թռավ
շարժվող շիվն է
մնացել
միայն:***
Նրան, ով դեպի լույս է գնում
մյուսները
մթար են տեսնում։
***
Իրար փտեցնում են
արկղի խնձորները`
այս աշխարհի մարդիկ…***
Միայն ջուր ես խնդրում,
բաժակը գալիս է
անխուսափելիորեն:
***
Մենք բանաստեղծում ենք —
մենք,
որ չենք կարողանում ապրել,
բանաստեղծում ենք…***
Երանի ստացվեր մեռնել
քայլելու,
քնելու,
առևտուր անելու պես.
ուզել
ու
մեռնել…***
Կոպերը՝ գուցե,
բայց աչքերը
չի ստացվի փակել։

Նկարի սարդը ՝ Շուշան Սարդարյանի