Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում ենք ,որը գտնվում է Հյուսիսային դպրոց-պարտեզում։

 

Առաջին անգամ կավը վերցրել եմ ափիս մեջ և ինչ-որ անհասկանալի երկրաչափական մարմիններ եմ փորձում ստանալ։Ոչ մի անգամ ականատես չեմ եղել կավագործության արհեստին,միայն մի պահ հիշեցի ,որ մանուկ հասակում ծեփամածիկով և ցեխով եմ խաղացել և մանկական երևակայական կերպարներ կերտել դրանցով։Սակայն այսօր հասկացա,որ մանուկ չեմ, ինքս արդեն փոքրիկ ունեմ, և մի փոքր ուրիշ թեմա է հարկավոր։

Առաջադրանքը  ինքներս մեզ կերտելն էր։Սիրելի Ալիսը ուղղություն էր տալիս ,խոսում քանդակագործության,կավագործության և քարերի մասին,իսկ մենք յուրաքանչյուրս մեզ էինք կերտում կամ մեր հետ կապված խորհրդանշական պատկերներ ,որոնք իրենց միտքը պիտի ունենային։

Միանգամից խառնեցի այդ տարբեր դետալները և որոշեցի ,որ բալետի պարուհի պետք է լինի։Սկզբում սկսեցի ոտքեր պատրաստել ,հետո հասկացա ,որ իմ պատրաստած ոտքերի վրա մարմինն ուղղակի անզոր կլինի պահել,իրանը տեղադրեցի,փորձեցի բալետի պարուհուն համապատասխան զգեստ հագցնել ,անպայման մազերը պետք է հավաքված լինեին և դեմքին ոչ մի ուրիշ ավելորդություն։Չէ ,չէ ,չէ չմտածեք թէ նա բարկացած է ,ուղղակի նրա աչքերի կառուցվածքն այնպիսին է ,որ շատ ժամանակ կարելի է շփոթել,նամանավանդ ,երբ մազերը ձիգ հավաքված են գլխավերևում։

Ճիշտ է դասավորությունն այդքան էլ հաջող չէ ,բայց պարուհին գեր չէ ․նա պատրաստվում է մայրանալ։Յուրաքանչյուր կնոջ կյանքում գալիս է ինչ-որ ժամանակ ,երբ նա երազում է դրա մասին,երազում է մայրանալ՝ նոր կյանք ծնել։

Ապագա մայրիկը սովոր է մեջքի ցավին ,բայց սա իհարկե այն ցավը չէ ,որը զգում էր պարապմունքներից հետո ։Արդեն հինգ վեց ամիս կլիներ ինչ բեմում ելույթ չէր ունեցել և դեռ երկար ժամանակ է հարկավոր ,որպեսզի կարողանա վերադառնալ իր աշխատանքին։

Աղջկան Արև անվանակոչեցին ,որի հատկանշական խորհրդանիշը կավից պատրաստված արևն է, ինչով ցանկացել եմ ցույց տալ ,որ առանց լույսի ,առանց ջերմության անհնար է ապրել և ստեղծագործել,և որ արևը մեր մեջ է հենց։