Ազգագրական փառատոնի շրջանակներում պարտեզիկների հետ պատրաստեցինք ավելուկով ապուր:
Փոքրիկները իմացան, թե որն է ավելուկը, դրա օգտակար հատկությունները, տարածման վայրը, օգտագործման, մշակման և պատրաստման ձևերը և մասնակցեցին ամբողջ գործընթացին:
Տարվա այս ցուրտ եղանակին առաջարկում եմ ուտել տաք ավելուկով ապուր: Այն նույնպես դասվում է (կամ կարելի է դասել) ազգային ուտեստների շարքում: Հայկական այս կերակրատեսակը պատրաստման շատ ձևեր ունի. ոսպով, սիսեռով, լոբով, ձավարով, բլղուրով, կարտոֆիլով, սակայն ինքս նախընտրում եմ պատրաստել կարտոֆիլով տարբերակը ( միայն ավելուկի համը և օգտակարությունը վայելելու համար):
Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է՝
ավելուկ
սոխ (2,3 սոխառածի համար)
ձեթ կամ կարագ
սխտոր
ընկույզ
կարտոֆիլ ( 3 հատ)
ալյուր ( 1 կամ 2 ճաշի գդալ)
թթու լավաշ կամ սալորաչիր
աղ կամ շաքարավազ( ըստ ճաշակի)
Չափաբաժին նշել եմ, բայց հասկանալի է, որ պետք է նաև առաջնորդվել ըստ նախասիրության և աչքաչափի, որպեսզի համերը հավասար բաշխվեն:
Նախապես կտրատած, լվացված կանաչին մի քանի րոպե թողնել եռացրած ջրում ( դառնահամից ազատվելու համար), քամել և լցնել պատրաստման կաթսա: Ավելացնել կարտոֆիլը, սոխառածը՝ առանձին թավայում ալյուրով պատրաստած ( այլուրը՝ զանգվածին խտություն հաղորդելու համար,իսկ բացակայության դեպքում կարելի է ուղղակի կարտոֆիլը տրորել) և ընկույզն ու սխտորը՝ մանր( ըստ ճաշակի), իսկ վերջում թթու լավաշը և աղ:
Օգտակա՛ր է 😉
Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են մելամաղձության, սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, արյունախխման բուժման նպատակով:
Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերևներն ու սերմերը։ Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են և ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։ Ավելուկի ջուրը խմում են՝ թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը՝ թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը՝ ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը և ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաև ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա՝ «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդը ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։
Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ և չոր տերևները։ Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերևները։ Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել։
Չնայած ավելուկի գերօգտակար հատկություններին, այն աճում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում և կարելի է հեշտ ձեռք բերել, պատրաստել:
Անպայման փորձեք: