Իրականում, երբ շատ բան ես ունենում ասելու կա՛մ լռում ես, կա՛մ չես իմանում որտեղից սկսես:
Մեկ տարի առաջ 2019-ին, երբ ընդունվում էի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր աշխատանքի, երբ մեզ ծանոթացնում էին կրթահամալիրի մասնաշենքերից
` մասնավորապես քոլեջի հետ, Տաթև Բլեյանը ներկայացնում էր կարի արհեստանոցից կախված այն տարազները, որոնք կարվել էր այդ սենյակում և որոնք կրել են սեբաստացի դասավանդողները և մասնակցել «Գութան» ավանդական-ազգային երգ ու պարի փառատոնին. հենց այդ ժամանակվանից էր ինչ աչքս մնացել էր այդ տարազների վրա, մտովի արդեն պատկերացրել էի այն իմ հագին, և ինքս ինձ հարցնում տեսնես կգա այդ օրը, որ ես էլ կմասնակցեմ այդ փառատոնին:
Համաճարակի պատճառով 2020-ի սեպտեմբերի 1-ը տեղափոխվեց սեպտեմբերի 15, իսկ 2020-ի Գութանն ազդարարող հաղորդագրությունը ստացանք սեպտեմբերի 11-ին, որտեղ նշված էր, որ Գութանը կլինի սեպտեմբերի 26-ին, այն էլ ոչ միայն դասավանդողների, այլև դասավանդող և սովորող հավաքական խմբով:
Առանց հաղորդագրությունը մինչև վերջ կարդալու սեղմում եմ պատասխանելու տիրույթը, նայում փորիկիս(չէի հաշվարկել , որ հնարավոր է մենակ չլինեմ), նայում ստեղնաշարին, ապա արագ, վստահ պատասխանում, որ ես էլ եմ ուզում միանալ թիմին: Նախագծի պատասխանատուներին` Հայարփիին և Հասմիկին ինչքանով զարմացնում, այնքանով էլ վախեցնում է մեծ ցանկությունս, բայց այնուամենայնիվ շնորհակալ եմ նաև Միս Բուշից, ով հավատաց, և թույլ տվեց հասնեմ երազանքիս:
Ժամանակ շատ քիչ ունեինք պատրաստվելու… Հասմիկը ընդամենը երկու գիշերվա մեջ հասցնում է վերջնական ձևել և կարել տարազները, իսկ Հայարփիի հետ ամեն օր փորձե՜ր, փորձե՜ր, փորձե՜ր:
Կարծում եմ, սա ինչ-որ նորի սկիզբ էր, որի մեկնարկը արդեն տրված է:
Ինչքան մոտենում էր այդ պատասխանատու օրը և պահը այնքան հուզմունքը մեծանում էր և՛ դասավանդողների, և՛ սովորողների մոտ: Կային նաև մարդիկ, որ այս իրենց առաջին բեմելն էր և կարծում եմ ինձնից էլ ավել պետք է ոգևորված լինեին(հենց այդպես էլ կա):
Եռօրյա ճամփորդության մեկնարկը տրվեց սեպտեմբերի 25-ի առավոտյան, ինչպես նախատեսված էր։
Տավուշցիների ջերմ ընդունելությունը հասցրինք վայելել սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում, եղանք Այգեձոր գյուղում, որտեղ մեր ելույթով ուրախացրինք և ոգևորեցինք տեղի բնակիչներին, իսկ երեկոյան արդեն գնացինք Բերդ, որտեղ և մասնակցեցինք փառատոնին ։