Ուսումնական շրջանի մասնագիտական զարգացման պարապմունքները վերսկսել ենք փետրվարի 26-ից:

Մասնագիտական զարգացման սեմինարները կրթության ոլորտում դասավանդման և ուսման որակի բարձրացմանն ուղղված մոտեցում է: Այն օգնում է կրթական համակարգը դարձնել ավելի ժամանակակից և արդյունավետ և օգնում է մանկավարժական աշխատողին ցուցաբերել արհեստավարժություն և նկատելի արդյունքներ…

Օրվա լուսաբանման շարունակությունը կարող եք կարդալ Ալվարդ Անդրեասյանի բլոգում:

Ուսումնական այս շրջանում մեր սեմինար-պարապմունքները անցկացնելու ենք արդեն սեբաստացի կենտրոնում՝ տիկին Շողիկի հետ: Այս անգամ արդեն խաղը շարունակելու ենք բույսերի հետ: Մարտ ամսվա առաջին երկու պարապմունքների ընթացքում ծանոթացանք սեբաստացի կենտրոնի բույսերի և նրանց առանձնահատկությունների հետ:

Մեր կրթահամալիրի միջավայրը այնպիսին է, որ անկախ քեզանից, անկախ մեր սեմինար պարապմունքներից, մենք դպրոցում մեր սովորողների հետ միշտ էլ զբաղվում ենք բույսերի խնամքով: Մայր դպրոցի Թե՛ դասարաններում, թե՛ միջանցքներում թե՛ տարբեր սրահներում և դահլիճներում կան բույսեր և դրանց խնամքով բոլորս զբաղվել և զբաղվում ենք: Իհարկե՛, տիկին Շողիկի շնորհիվ նաև նշում ենք որոշ առանձնահատկություններ և խնամքի հետ կապված նոր գիտելիքներ:

Սեմինարի ընթացքում Սեբաստացի կենտրոնի բույսերը մաքրեցինք, ջրեցինք, փխրեցրինք և գործնականում ունեցանք գեղեցիկ, թարմ, առողջ բույսեր:

Սեբաստացի կենտրոնի հե՛նց մուտքի դիմաց ֆիկուսն է. բավականին մեծ չափերով արդեն, հետաքրքիր էր ինձ տարիքը, բայց համեստությանս համաձայն չհարցրեցի… փոխարենը տիկին Շողիկը պատմեց դրա օգտակարության, թթվածնի հզոր աղբյուրի և անգամ հորմոնաստեղծ լինելու մասին:

Բույսը պայմանների նկատմամբ  քմահաճ չէ:  Աճի շրջանում պահանջում է մեծ քանակությամբ ջուր. հողի մակերեսը պետք է միշտ խոնավ լինի:  Սակայն ձմռանը պետք է ջրելը սակավեցնել, քանի որ ջրի ավելցուկը կարող է բերել արմատների փտեցմանը:  Ջրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջուր:

Ֆիկուսը ջերմասեր բույս է, բայց նախընտրելի է այն դնել ցրված լույսի տակ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու:

Երիտասարդ բույսերը պետք է դնել արևմտյան և հարավ-արևմտյան լուսամուտների մոտ՝ լուսավոր տեղերում: Լույսի  պակասությունից տերևները կընկնեն, որի պատճառով էլ նա կկորցնի իր դեկորատիվ շքեղ տեսքը:  Ամռանը լավ կլինի բույսը դնել դրսում՝ ստվերոտ տեղերում: Տերևները պետք է սրբել խոնավ շորով:

Ֆիկուսը շատ հետաքրքիր հատկություն ունի. թեպետ այն ջերմասեր բույս է և ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը նորմալ է տանում, սակայն ձմռանը սենյակի ջերմաստիճանը  չպետք է բարձր լինի 15 աստիճանից:  Եթե ձմռանը  ֆիկուսը դրված լինի տաք տեղ,  դա կակտիվացնի նրա աճը հունվար-փետրվարին, որը կթուլացնի բույսը և թույլ չի տա, որ նա գարնանը լավ զարգանա:

Բազմացվում է կտրոններով, որի համար գլխավորապես օգտագործվում են ճյուղերի ծայրամասերը: Կտրոնը պատրաստելու  որոշ ժամանակ պետք է պահել գոլ ջրի մեջ մինչև կաթնահեղուկն ամբողջությամբ թափվի, հակառակ դեպքում դուրս հոսող հեղուկի մածուցիկության պատճառով մազանոթները կփակվեն, որի պատճառով կտրոնը կչորանա:

Այնուհետև այն պետք է դնել  ջրի մեջ, որպեսզի արմատակալի: Արմատակալած կտրոնները պետք է տնկել 10-12 սմ-անոց տրամագծով փոքր թաղարների մեջ, որը սկզբնական շրջանում տարին մեկ անգամ պետք է տեղափոխել,  աստիճանաբար մեծացնելով թաղարները, իսկ հետագայում ավելի ուշ-ուշ:

Սեբաստացի կենտրոնի բազմազան բույսերից մեկն էլ քլորոֆիտումն է, իսկ այս բույսի մասին կարդացեք Ալլայի բլոգում:

Բույսերի հետ աշխատանքը ևս թերապիա է, օգտակարի և գեղեցիկի համատեղում:

Անհամբեր սպասում ենք, մարտ ամսվա հաջորդ երկու պարապմունք սեմինարներին: