Երկրորդ ուսումնական շրջանը ամենակարճ, ամենաճամբարային և գերհագեցածն է: Կեսն արդեն անցել ենք նշված աշխատակարգով:

Ջոկատը միասնական ղեկավարել ենք Անի Փանյանի հետ: Երկուսս էլ ունեցել ենք անհատական աշխատակարգ, և սովորողների ընտրության հնարավորությունը ավելի բազմազան է եղել. իհարկե՛, նույն ստուգատեսային ուղղություններով: Ուղղությունները ներկայացվել են ճամբարականներին և որոշ ստուգատեսներ արդեն հանձնված են: Ունենք երկու խոհանոցային իրականացրած ժամ՝ ազգայինի համ ու հոտով:

Մարզական ստուգատեսին ճամբարականների մի մասը մասնակցել է չմշկասահքով, մյուս մասի հետ սահադաշտ կայցելենք՝ երկուշաբթի:

Մարզական պարապմունքներից մասնակցել ենք թենիսի, հրաձգության, վոլեյբոլի և ձյուդոյի ժամ ենք ունեցել նաև:

Սեբաստացի մառանում աշխատանքները շարունակվում են հացթխիկի նախագծով, որին իրենց մասնակցությունն են ունեցել նաև իմ ջոկատի ճամբարականները: Գոհար Եղոյանի և մեր սեբաստացի ծնող Մարթայի համատեղ ջանքերով ամեն օր սեբաստացի կենտրոնում փոքրիկ խմբերով սովորողները իրենց ձեռքերով պատրաստում են իրենց հացը, և ուսումնասիրում ամբողջ հացաթխման ընթացքը, առաջարկում նոր մտքեր. անհամբեր սպասում հացի եփմանը և բոլորիս ամենասիրելի պահին՝ համտեսին: Սա իրական վայելք է, որը նվեր է բոլորիս:

Արտադրական ուսուցման ընթացքը տևում է 1,5-2 ժամ. սովորողների տարատարիք խմբերը իմ ուղեկցությամբ, պարտադիր՝ ուսումնական պարտեզով, քայլքով հասնում ենք մեդիակենտրոն, նույն ձև կազմակերպված՝ հետադարձ: Մինչ այդ, իմ ջոկատի սովորողները Անի Փանյանի ջոկատում են իրենց աշխատակարգով: Գործընկերուհուս ամփոփման մեջ կտեսնեք ջոկատի շրջայցերը կրթահամալիրի այլ դպրոցներ և լաբարատորիաներ. ոսկեգործական, գինեգործական, ուսումնական ջերմոց և այլն:

Ջոկատային առօրյայի բաղկացուցիչ մաս է մաթեմատիկական, տրամաբանական խաղերը: Ընկեր Սարգիսի մաթեմատիկա առանց բանաձևերի ստեղծած խաղային անկյունը բոլորիս սիրելին է և օրական մեկ դասաժամ ջոկատն անցկացնում է այնտեղ:

Բացի տրամաբանական խաղերից՝ հաճախ խաղում ենք ազգային և սեղանի թիմային ինտելեկտուալ խաղեր: