Կրթահամալիրյան երկար սպասված աշխատանքային օրը սկսեցինք Մարմարյա սրահում՝ միասնական պարապմունքով:
Մասնախմբերում ծրագրերի և նախագծերի ներկայացում- քննարկումներից հետո, Հյուսիսային դպրոցում միանգամից անցանք պարտիզապուրակային, միջավայրի խնամքի հետ կապված աշխատանքներին:
Ապա հենց Հյուսիսի Արտասահմանում էլ սկսեցինք Մանկավարժական ակումբի պարապմունքը՝ Բորիս Բիմ-Բադի ,,Ինչո՞ւ և ի՞նչ ենք սովորեցնում դպրոցում,, հոդվածի ընթերցմամբ:
Հետաքրքրական մտքերից մի քանիսը մեջբերենք, որոնց մեծ մասի հետ համամիտ ենք
Բոլոր առարկաների մեր դասագրքերը առավելապես դոգմատիկ են. դրանցում շարադրվում է ինչ-ինչ մտացածին «վերին ատյանի ճշմարտություն», այն դեպքում, որ գիտությունը հենց համաշխարհային քննարկում է, և գիտության մեջ մտցնել, նշանակում է այդ քննարկման մեջ մտցնել։ Հակառակ դեպքում «լուսավորյալները» պատով բաժանվում են երկրի ու աշխարհի ճշմարիտ մշակութային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից։
*Դպրոցականներն ուսումնական գործընթացից չափազանց հաճախ են դատարկված ու սպառված դուրս գալիս, որովհետև ձևական ու կյանքից կտրված ուսուցումը նրանց զրկում է հոգեկան ու ֆիզիկական ուժերի ազատ խաղից, մի խաղ, առանց որի մարդը գոյություն չունի։ Դպրոցական իրականությունը երեխաների, նրանց ներքին՝ անհատական ու խմբային կյանքի նկատմամբ տարիների հետ ավելի ու ավելի կամայական է դառնում։
*
«Պեդանտ[1] դասավանդողը, որի ամբողջ գործունեությունը պատրաստի պատասխաններ, խնդրի լուծման պատրաստի սխեմաներ ներշնչելուն է հանգում, դրանով ոչ միայն իր աշակերտների միտքը չի զարգացնում, այլև դրդում է, որ այդ միտքը քնի, քայքայվի նաև այնտեղ, որտեղ դա գոյություն ունի իրենից անկախ»,- գրում է ականավոր փիլիսոփա և հրապարակախոս Է. Վ. Իլյենկովը։ «Դրանով պեդանտը չմտածող մարդ է դաստիարակում և զբաղվում է պեդանտների նոր սերնդի ընդլայնված վերարտադրությամբ, այսինքն՝ այնպիսի մարդկանց վերարտադրությամբ, ովքեր գիտեն այն, ինչ իրեն ներշնչել են, բայց ի վիճակի չեն ինքնուրույն ինչ-որ բան սովորելու»։
Սրանով ինչի՞ են հասնում։ Առավելապես կատարողական գործառույթների առաքելությամբ նոր սերունդներ են պատրաստում։ Իսկ մշակույթները, ստեղծագործությունները, ճշմարիտ աշխարհահայացքը և քննադատական մտածողությունը հորիզոնում չեն երևում։
Հաջորդ սեմինար-հանդիպումը Լուսինե Փաշայան․ ի հետ էր։ Հանդիպմանը խոսեցինք ուսումնական օրացույցից, մանկավարժական աշխատողի գործունեությանն առնչվող կարգերից, վերհիշեցինք, թարմացրեցինք և ծանոթացանք վերջերս հաստատված նոր կարգերի հետ։
Ընդմիջումից հետո պարապմունքը շարունակեցինք Սուսան Ամուջանյանի հետ, ինձ համար շատ հետաքրքիր ու ծանոթ գործունեությամբ՝ նկարահանման հմտությունների բացահայտմամբ և փորձի փոխանակմամբ։ Օրը ավարտում ենք բարձր տրամադրությամբ և լի դրական լիցքերով։