աշխատանքի գործընթացում ստեղծված և նրան ուղեկցող ժողովրդական երգեր։
աշխատանքային երգերից տարածված են եղել հորովելները, երկրագործի (կամ շինականի), սերմնացանի (երգ–աղոթքներ), հնձի, սայլի, քահանի, չանաքի, կալի, ճախարակի, խնոցու, սանդի և այլ երգերը։ Աշխատանքային երգերում փորձ է արվում արտահայտել շինականի և արհեստավորի սոցիալական վիճակը։ Դրանց մեջ շինականն իր հոգսերն է կիսում գութանի, արորի ու եզան, իսկ գեղջկուհին՝ ճախարակի, խնոցու, իլիկի, սանդի և այլ գործիքների հետ։ Աշխատանքային երգերին հատուկ մոտիվներ կան նաև սիրո, հարսանեկան, վիճակի երգ–խաղիկներում, ինչպես և հայրեններում։
Հայկական աշխատանքային երգերից շատերը գալիս են խոր հնուց և պարունակում են հմայական աղոթքի երանգներ։ Խորհրդային շրջանում հայկական աշխատանքային երգերում երևան եկան կոլտնտեսային գյուղը, կոլեկտիվ աշխատանքը, տրակտորն ու կոմբայնը գովերգող մոտիվներ։
Մանկավարժական, հրապարակախոսական, խմբագրական աշխատանքները, անշուշտ, խլում էին Վարուժանի ժամանակը, սակայն բանաստեղծը նրա էության մեջ չէր կարող նիրհել: Մուսան Վարուժանի մշտական ուղեկիցն էր, և սակավաթիվ ազատ ժամերին, գլխավորապես անքուն գիշերներին ծնվում էին նոր երգերը
:Վարուժանը « հայտնաբերում է» մի նոր աշխարհ՝ գյուղը, հողը, աշխատանքը:
« Հացին երգը» ժողովածուի մեջ Վարուժանը չի պատկերել գյուղացու սոցիալական ու կենցաղային հարցերը: Բանաստեղծի ծրագրի թելադրանքով է գյուղաշխարհը « մաքրվել» իր թերություններից և « Հացին երգի» աշխարհի ՝ գյուղը, հողը, ծառերը, արտերը, աշխատանքը: Չկա ոչ մի հակասություն և մարդն ու բնությունը ներդաշնակ են, Վարուժանը պատկերել է միայն գեղեցկությունները:Այս շարքում երգված են « հողը, մշակներուն աշխատանքը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները»: Երգված են և ոչ թե պատկերված: Երգել ՝նշանակում է սրտի հուզական խոսքը ասել, նշանակում է փառաբանել, նշանակում է վերաբերմունք արտահայտել: Վարուժանը այս շարքում բերում է հողի, աշխատանքի, բնության երգը: « Արտերուն հրավեր » բանաստեղծությՆ մեջ հողը շնչավորված է և կանչում է իր մշակներին , այնպես ինչպես կինն է կանչում սիրած տղամարդուն: Հացի համար բանաստեղծն ունի միայն մեկ վերադիր՝ սրբազան: Վարուժանի այս շարքը գրված է կայուն սկզբունքով. հացի պատմությունն է՝ վար ու ցանքից մինչև սեղանին դրվելը: Շարքը Սովորեցնում է հացի ստեղծման պատմությունը: Բանաստեղծի նպատակն է եղել ոչ թե ընդհանրապես հողի ու աշխատանքի պոեզիան վերստեղծել, այլ հացի ստեղծման պոեզիան: Հացի երգն է, հացի փառաբանումը, և ստեղծողի՝ հողի ու մշակի: Վարուժանը նկարում- քանդակում է աշխատանքի պահը, հայտնաբերում նրա խորհուրդն ու ներքին գեղեցկությունը, պոեզիան: « Հացին երգը» գրված է տարբեր չափերով ( բանաստեղծական տան և տողի բազմազանությամբ) և ոճական տարբեր հնարանքներով: « Հացին երգը» հուշում է, որ « Գինիին երգը» (, որ պիտի ունենար « Արբեք ի սմանե ամենեքյան» բնաբանը) նույնպես ուրիշ ծրագիր ու կառուցվածք պիտի ունենար: « Հացին երգ» -ում, ձևի և բովանդակության ներդաշնության առումով, Վարուժանը հասավ աննախընթաց բարձրության: Ասպիսի մեղմ քնարականությամբ, ժողովրդական բանարվեստի պարզ ձևերի օգնությամբ ու շնչով միայն հնարավոր էր հասնել իր բանաստեղծական ծրագրի իրագործմանը՝ ստեղծել հողի ու աշխատանքի պոեզիան: Ստեղծել երազային, իդեալական մի իրականություն, մաքրված ամեն չարիքից, ուր ազատ ու խաղաղ աշխատանքն է երջանկության ու վայելքի միակ պայմանը: Վարուժանը ոչ թե ստեղծում է ուրիշ, վերացական գյուղաշխարհ, այլ ներկա, ռեալ գյուղաշխարհն է մաքրում, զտում ու զուլալում, հիմքում թողնելով իրական գլխավոր մասը: Այս հատկանիշները հնարավորություն են տալիս ընթերցողին՝ զգալ գյուղաշխարհի բաբախուն կյանքը, աշխատանքի ոգին, աշխատավորի սրտի տրոփը: Այդ ռոմանտիկ աշխարհում որքա՜ն ռեալիստական կյանք կա: Եվ գույներն են բնական ու թանձր: Ընթերցում ենք շարքը և այդ գույներն են կենդանանում մեր առաջ, որպես նկար, որպես քանդակ, որպես կինոկադր: Եվ ահա այդպիսի մի պատկեր ՝« Կալեր» բանաստեղծության առաջին մասը……. Կալերուն մեջ ես կը նըստիմ երազուն Հովանին տակ էշիս՝ Որ քովըս սա կոնղին կապված ՝ կը շըփին Աղու ծընոտը՝ ուսիս: Տափաստանին վըրա, խաղաղ, կը փըռվի ճերմակ ալիք մ արևու՝ Որուն մեջ լյուղ կու գան դեցերն, և կրիան Եկեր է հոն տաքնալու: Թևը հովին, ծանրացած գաղջ բույրերով, Հազիվ ծույլ-ծույլ կը շարժի: Կովին ըստվերը փառահեղ լույսին վրա՝ Սև կարկըտան մ է լայնչի: Շինականն իր կահն ու կազմածը բերած՝ Հովն հիմներ է նո՜ր գյուղակ… Հեռուն՝ լքված իր մամռապատ շեմին վրա Կը հըսկե գամփռը մինակ: Կալերուն մեջ դեզը՝ ծեփված արևով՝ Կարծես տընակ մ է ոսկի: Տերևախիտ ծառին զով շուքը կըլլա Առագաստ մը նոր հարսի:
« Հացին երգի» ոճական առանձնահատկությունների մեջ ընդգծվում է ժողովրդական բանավոր արվեստի՝ հայ ժողովրդական բանահյուսության , մտածողության և պոետիկայի ազդեցությունը: Ինչպես նկատել է Պ. Սևակը, այդ ազդեցությունը դրսևորվել է « և՛ անմիջապես, և՛ միջնորդավորված»: Միջնորդավորվածը այն պարզ մտածողությունն է, որը հատուկ է բանահյուսությանը ու նաև « Հացին երգ»-ին: Այս մտածողությունը սիրում է դրսևորվել պարզ պատումով, հասարակ նկարագրություններով, բայց դիպուկ պատկերներով, որը սիրում է ամփոփվել կարճ տողերում, քառատող տներում: Անմիջապեսը ժողովրդական մտածողության ձևերի, ոճերի կիրառությունն է, ժողովրդական խաղիկների ոգին ու ձևը: Այս անմիջականը առավելապես արտահայտվել է այն երգերում, ուր քնարական հերոսը ոչ թե հեղինակն է, այլ գյուղացի աշխատավորը, որ ցանում է ու հնձում, կալսում է ու էրնում: Եվ աշխատանքի այդ երկար ընթացքում ծնվում է երգը: Աշխատանքը ընթանում է երգով, բնության, մարդու և աստծո հետ զրույց- աղոթքով: Այս ժողովրդական երգը, զրույց-աղոթքն է, որ խառնվում է Վարուժանի տողերին, ոճավորում խոսքը, ստեղծում կոլորիտ, կենդանացնում պատկերը: Այդպիսի երգերից են « Կամներգ», « Հունձք կը ժողվեմ», « Օրհնություն», « Էրնում» բանաստեղծությունները: Ա՛լ կամնրված հունձքը կ էրնեն Հըծծելով երգն Աշխատության.—« Էրնե՛, էրան, էրնե՛, էրան. Հարդը քեզի, մեզի ցորեան»:—
Հացը խրճիթներին, ուրախություն ու խինդ խրճիթներին և աշխատանքի ու վաստակի խինդը չպղտորողկյանք, խաղաղությու՜ն խրճիթներին: Մեր ժողովրդական երգերի բնորոշ գծերից մեկն էլ սա է՝ մարդասիրությունը՝ անձնականից դեպի ուրիշները ձգվող սեր, մարդկայինից դեպի համամարդկայինը թևածող երազներ ու իդեալներ:
« Հացին երգը» գրքում Վարուժանը հասավ լեզվի ժողովրդայնության՝ լայն տեղ տալով ժողովրդական- խոսակցական բառերին ու բառաձևերին ( բարբառային ձևեր, կրկնավորներ, ժողովրդական բառեր), հարադրություններին ու դարձվածներին, ժողովրդական քերականական կազմություններին: Ահա մի քանի օրինակ. «— Էհե՜, էհե՜, արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե», « Ակոս ակոս ման գալով», « Հունձքը ծովի պես», « Հազիվ ծույլ ծույլ կը շարժի», « Արևն առած ճակտիս վրա», « Սերմանես քո սերմնացուն՝ Հնձես թիվովն աստղերուն», « Լուսնակ ճամփով» և այլն:
« Հացին երգը» շարքի բովանդակության ժողովրդայնությունը պայմանավորված է նաև լեզվի ժողովրդայնությամբ: Այսպիսով՝ ժողովրդական կյանքի ու բանարվեստի, բնության ու աշխատանքի, աշխատավորի հոգեբանության խորունկ իմացութհունը և բանաստեղծական տաղանդի միասնությունը պայմանավորեցին « Հացին երգ»-ի ծնունդը: