Կրթահամալիրի բոլոր աշխատողները ունեն իրենց օրագրերը` սկսած տնօրենից, վերջացրած դաստիարակներով, ֆիզարձակուրդում գտնվող մայրիկներով (որոնցից մեկը ես եմ) և այլն:
Օրագրերը բաց են և հասանելի բոլորին, այնտեղ դու գրում ես քո մտքերը և այն իրադարձությունները` որոնք կարևորում ես: Մեկին կարող ես հետաքրքրել, իսկ մյուսին` ոչ այնքան:
Այ օրինակ. ինձ շատ հետաքրքիր էր կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանի օրագրություններում հետևել իր դստերը
` փոքրիկ Աստղիկին, թե ինչպես է արթնանում, սնվում, խաղում, մարզվում, մեծանում, օգնում մայրիկին. դրա պատճառը ,կարծում եմ, Էմիլիիս և Աստղիկի տարիքակից լինելն էր: Աղջիկս, երբ տեսնում էր Աստղիկի տեսանյութերը, շատ էր ուրախանում և մեզ մոտ նույնպես միտք առաջացավ մեր փորձը և առօրյայից թեկուզ մի հատված ներկայացնել:
Մինչև պատմեմ գործընկերներիս օրագրերից, նշեմ, որ մի ամբողջ տարի սիրելի ու համբերատար մենթորս` Մարիետ Սիմոնյանս այդքան ասելուց հետո, միևնույն է այդպես էլ չտեսավ «Ուսուցչի օրագիր» բաժինս, որտեղ պետք է գրեի և ներկայացնեի մանկավարժական հաջողություններս, սովորողներիս առաջընթացները և ձեռքբերումները: Չգիտեմ ինչու, բայց միշտ ինչ-որ բան խանգարում էր, ինքս էլ չէի հասկանում, թե ինչ: Հա՛, թե չգիտեի որտեղից սկսել, ինչպես սկսել, թե վախենում էի սխալվելուց ( վախենալ՞, չէ՜, եկե՛ք բացառենք այս տարբերակը) , թե չէի կարողանում մի փոքրիկ ժամանակ հատկացնել այդ գործին, չէ երևի պարզապես չէի ուզում:
Հիմա էլ տեսեք-տեսեք «մայրիկի օրագիր» եմ սկսել լրացնել. արդեն երկրորդ աղջկաս Նանեիս ծննդյան առթիվ: Մտքերս վերջնականապես գործի վերածելու հարցում ինձ օգնեց Սեդա Վիրաբյանի բլոգը, օրագիրը և հրաշք աղջիկ
` Սյունեն:
Հուսամ, օրագրություններս հետաքրքիր կլինեն և շարունակական բնույթ կունենան, գործս կիսատ չեմ թողնի…