Երիտասարդ Խեցգետինը
Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.
— Ինչո՞ւ իմ ըտանիքում բոլորը քայլում են ետ—ետ: Ես այդպես չեմ ուզում: Ես ուզում եմ քայլել միայն առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ, ու առաջին օրերին շատ հոգնեց. ամենուր բախվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց, քիչ-քիչ, փորձերը սկսեցին հաջողվել, եթե իրոք ուզում ես, ապա ամեն բան էլ կարելի է սովորել:
Երբ արդեն շատ վստահ էր իր ուժերի վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
— Հապա նայե՛ք:
Ու հրաշալի քայլերով առաջ գնաց:
— Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,- Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ պես, որ քեզ շատ են սիրում:
Բայց նրա եղբայրները միայն փռթկացնում էին: Հայրը խստորեն նրան նայեց, հետո ասաց.
— Դե հերի՛ք է: Եթե ուզում է ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Իսկ եթե ուզում ես համառել, գետը մեծ է. գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:
Քաջարի խեցգետինը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր վրա, որպեսզի կասկածներ ունենար.նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կանայք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,- նայե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ, եթե կարող եք:
— Էլ հարգանք չի՛ մնացել,- ասաց մեկ ուրիշը:
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետինը շարունակեց քայլել իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.
-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
— Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
— Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը: Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը: Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ ասելով.
— Բարի՛ ճանապարհ:
Մուկը, որը կատուներ էր ուտում
Մի պառավ գրադարանային մուկ մի անգամ եկավ այցելելու իր եղբոր երեխաներին:
-Դե դուք բոլորովին կյանքը չգիտեք,- ասում էր նա իր ամոթխած ազգականներին,- իմ կարծիքով, դուք օրինավոր կարդալ անգամ չգիտեք:
-Օ՜, դու մեր մեջ իսկական գլուխ ես,- հառաչեցին նրանք:
-Օրինակ, դուք երբևէ կատու կերե՞լ եք:
-Կատո՞ւ… մեզ մոտ հակառակն է լինում. մեզ մոտ կատուներն են ուտում մկներին:
-Այդ նրանից է, որ դուք տգետ եք: Իսկ, ա՛յ ես, կերել եմ կատու, այն էլ ոչ մի հատ. վրա եմ տալիս մի ծայրից՝ հոպ… պատրաստ է: Իսկ նա ծպտուն անգամ չի համարձակվում հանել: Այ, կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ:
-Իսկ ի՞նչ համ ունեն կատուները:
-Թղթի համ, ու մի-քիչ էլ թանաքի համ կա մեջը: Բայց դա դեռ ի՞նչ էր որ… դատարկ բան… Իսկ այ, շուն դուք երբևէ կերե՞լ եք:
-Ի՞նչ ես ասում…
-Իսկ ես, ա՛յ, հենց երեկ մեկին վերջ տվի: Մի գամփռ… Նրա ժանիքները իմ չափ էին: Ինձ համար ի՞նչ կա որ. ես նրան հանգիստ, այսպես՝ հոպ… և կերա: Նա ձայն, ծպտուն չհանեց:
-Իսկ շու՞նն ինչ համ ունի:
-Նա էլ թղթի պես է : Դե, իսկ ռնգեղջյուր դուք չե՞ք փորձել:
-Օ՜… դու մեր մեջ մի հատ ես… Դե մենք ի՞նչ ենք որ… մենք ռնգեղջյուր չենք էլ տեսել: Ինչի՞ է նա նման. Ռոկֆոր պանրի՞, թե՞ հոլանդականի:
-Այ թե տգետ եք «… ումն է նման»… Պարզ է՝ ում. իհարկե, ռնգեղջյուրի… Իսկ փիղ կերե՞լ եք, իսկ արքայադուստր կերե՞լ եք… Իսկ Նոր տարվա տոնածա՞ռ՝ իր բոլոր խաղալիքներով:
Եվ հենց այն ժամանակ, երբ մուկը հասավ տոնածառին, կատուն, որ նստած էր հին սնդուկի ետևը և լսում էր մկան դատարկախոսությունը, չդիմացավ, սարսափելի ձայնով մլավեց ու մեկ էլ այնպես ցատկեց… որ… Պետք է ասել, որ դա իսկակա՜ն կատու էր, շքեղ մորթիով, փարթամ բեղերով և երկար, սուր-սուր ճանկերով:
Մկները հենց որ լսեցին կատվի ձայնը, պուկ, փախան: Իսկ գրադարանային մուկը անսպասելիությունից տեղում անշարժացավ և մնաց կանգնած, ինչպես արձան: Կատուն առանց երկար մտածելու, հոպ… ճանկեց նրան: Ճանկեց, բայց միանգամից չկերավ, այլ որոշեց մի-քիչ խաղալ նրա հետ:
-Հա, ուրեմն դու հենց այն մու՞կն ես, որ կատուներ է ուտում,- հարցնում է կատուն:
-Ճիշտ այդպես, ձերդ ողորմածություն, հենց ես եմ: Բայց ախր… ձերդ պայծառափայլություն, պետք է հասկանաք… Համարձակվում եմ զեկուցել ձերդ ողորմածություն, չէ՞ որ ես ողջ կյանքս անց եմ կացրել գրադարանում…
-Հասկանում եմ, հասկանում եմ: Ապրում էիր գրադարանում և զբաղվում էիր նրանով, որ ուտում էիր նկարները և փչացնում գրքերը:
-Օ՜, ձերդ մեծություն, ընդամենը մի քանի անգամ… Եվ հավատացնում եմ ձեզ, ձերդ պայծառափայլություն, միայն և միայն ինքնազարգացման համար:
-Դե իհարկե, ի միջի այլոց ես էլ շատ բարձր եմ գնահատում գրականությունը: Բայց քեզ չի՞ թվում, որ բացի գրքային իմաստությունից կա նաև մի ուրիշ իմաստություն՝ կյանքի իմաստությունը: Քո տարիքում ժամանակն է իմանալու, որ կյանքում կան ոչ միայն թղթի վրա նկարված կատուներ, և ամեն մի փիղ չի համաձայնվի, որ նրան կծեն մկները:
Բայց խեղճ գերու բախտից կատուն մի վայրկյան աչքը դարձրեց դեպի սարդը, որ սողում էր հատակին:
Գրադարանի մուկն էլ հիմար չէր. նա իսկույն նետվեց մի կողմ ու թաքնվեց գրքերի արանքում: Իսկ կատուն ստիպված եղավ այս անգամ բավարարվել միայն սարդով:
Թե ինչպես կապիկները որոշեցին ճանապարհորդել
Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճանաչողական ճանապարհորդություն կատարել: Գնացին, գնացին, կանգ առան ու հարցրին.
— Ի՞նչ է երևում:
— Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
— Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճնապարհորդելով:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
— Հիմա ի՞նչ է երևում:
— Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
— Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում` ճանապարհորդելով:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան միայն արևամուտին:
— Իսկ հիմա, ի՞նչ է երևում:
— Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
— Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելը ոչ մի բանի պետք չէ:
Եվ այդպես, նրանք ճնապարհորդում էին, ճանապարհորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս՝պտտվելով ի շրջանս յուրյանց, կարուսելի ձիուկների պես:
- ինքներդ կարող եք նաևայլ հեքիաթ ընտրել
- ընտրեք այս հեքիաթներից մեկը
- գրեք, թե ինչ հասկացաք/ ստացաք հեքիաթից
- հանգիստը և առաջադրանքը լավ առիթ են, որպեսզի իրականացնեք «Ընտանեկան ընթերցումներ» նախագիծը։