Ինձանից ձեզ խորհուրդ, — շարունակեց, -Աստված չանի, որ կորուստ ունենաք, լացներդ չպահեք, ճանապարհ տաք նրան: Որ պահեք ինչպես վրան կաթիլ-կաթիլ թափվող ջրից է ծակվում քարը, էնպես էլ մեջը պահած լացից կծակվի, կպայթի ձեր սիրտը: — Դուք կորուստ ունեցե՞լ եք ընկեր Չարենց, հազիվ կարողացա ձեն հանել: -Կորո՞ւստ , դրան կորուստ ասելը մեկ է, թե սև լավին՝ անձրևի կաթոց ասես, բուք ու բորանին՝ գարնան թեթև քամի, եկրաշարժին՝ տերևների օրօրվել: Կնիկ եմ կորցրել, սիրած կնիկ. Արփիկ: Հեշտ ձեռք բերվածն է շուտ մոռացվում. Արփիկիս ես հեշտ չեի ձեռք բերել: Ժամանակին, ոնց որ իր վախտին Սայաթ-Նովան, ես ել պտույտի դուրս եկա, սիրո ճանապարհը բռնեցի: Հանդիպեցի Աստղիկ Ղոնդաղչյանին, Կարինե Քոթանջյանին, Լյուսի Թառայանին. ամեն մեկը մի-մի մարալ: Բայց սիրտս ասաց. Չարենց ճանապարհդ շարունակի՛ր , ուրիշն է քո բաշ նազանին :Շարունակեցի գնացի ՜- գնացի՜, ու առաջս ելավ Արփիկ Տեր- Աստվածատրյանը: Կան՛գ առ, նորից խոսեց սիրտս, այ, է՛դ է քո՝ բաշ նազանին: Ես Արփիկին նայեցի նա՝ ինձ: Ես Արփիկին սիրեցի, նա՝ ինձ: Ամուսնացանք, մարդ ու կին դառանք: Էն է՝ ընտանիք էլ պիտի դառնայինք, մեռավ, արևի պես խավարեց, լուսնի պես մարեց: Թաղելիս էն օրին էի, գլուխս էնպես կորցրած…. սիրտս ու աչքերս ցամաքել էին : Էդպես էլ Արփիկիս գերեզմանը մնաց անլաց: Հետո, երբ ուշքի եկա, գնացի, որ սիրտս դատարկեմ նրա հողաթմբին, բան դուրս չեկավ: Ամենինչ իր ժամանակն ունի, ձեռքիցդ որ բաց թողեցիր էդ ժամանակը, պրծավ գնաց: Ու կնգանս բաժին լացը էդպես էլ քարացած մնաց սրտումս: Ասել է թե ամպը միշտ կախված պիտի մնար նրա գերեզմանին: Իսկ ես կուզենայի որ Արփիկիս վրայի երկինքը պարզ լիներ, արև ունենար, լուսին ունենար, աստղեր ունենար: Թամամ աշխարհը լսելիս լացս բռնեց: Եվ ես ուրախ եմ որ բռնեց . սրանից հետո Արփիկիս գերեզմանն իր վրա կապույտ երկինք կունենա, արև , լուսին, աստղեր: Բա՜ ծոր տվեց , էդ էլ ձեզ երգի ուժը…
Չարենցի մասին: Գարեգին Բես
