Նախագծի մասնակիցներ`  7-րդ դասարանների սովորողներ

Ժամնետներ՝ մարտի 2-ից մինչև 22-ը։

Նպատակը՝ Ծանոթանալ Չարենցի կյանքին և ստեղծագործություններին, զարգացնել սովորողների գրական ճաշակը:

 

Յուրաքանչյուր ժողովածուն ունի իրեն բնորոշ, մյուսներից տարբեր զգացմունքային դաշտը: Կարդացեք և պատկերեք այն՝ մեջբերելով տողեր:

Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում.

  1. Ծանոթանալ Սիմվոլիզմ գրական ուղղությանը, նշել նրա կարևոր առանձնահատկությունները: Կարդալ Եղիշե Չարենցի «Ծիածան»ժողովածուն: Անգիր — «Լուսամփոփի պես աղջիկ»:
  • Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:
  • Կարդալ Ոսկի-ն շարքը. բացատրել ոսկեգույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:
  • Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:
  1. «Տեսիլաժամեր» շարքը
  2. «Ողջակիզվող կրակ» ժողովածու

Նախագծի բարձր գնահատականի համար

  • Չարենցը մեր տանը
  • Չարենցը փողոցում
  • Չարենցագետներ

Չարենցյան մեդիափաթեթ

Ես իմ անուշ Հայաստանի

 Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն(բարն) եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրըվառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

 

Գիտե՞քոր գարուն է արդեն,
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

 

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

 

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

 

Անքնություն

 Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Բոլորը քեզ

 Ինչքան որ հուր կա իմ սրտում—բոլորը քեզ,
Ինչքան կրակ ու վառ խնդում—բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,—բոլո՜րը քեզ…

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ռուբայաթներ

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

II

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

III

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

IV

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

V

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

VII

Օ, խմի՛ր, խմի՛ր դու ագահ.
Օ, խմի՛ր անդադար այս հատնումը.
Կորածը— իրեն նա գտնում է,
Եվ իր այդ գտնումով — չկա։