Գրականության դասավանդման նպատակը.
- դասական ստեղծագործությունների միջոցով հնարավորություն տալ հաղորդակցվելու համամարդկային արժեքների հետ՝ ապրումակցման և անձնական խոհի միջոցով խորացնելով սեփական աշխարհընկալումն ու լայնացնելով աշխարհայացքը:
- խոսքի արվեստի միջոցով նպաստել գեղագիտական աշխարհընկալման ձևավորմանն ու զարգացմանը:
- զարգացնել գրական ճաշակ՝ նպաստելով ընդհանուր ճաշակի բարձրացմանը:
- օգտագործել ՏՀՏ-ն` որպես գրական-գեղարվեստական բազմաբնույթ շտեմարանի հետ շփման ամենամատչելի և արդյունավետ միջոց
Խնդիրները.
- գեղարվեստական ստեղծագործության ընթերցումը դարձնել ներքին պահանջմունք
- ստեղծագործությունների ընտրությունը կատարել հիմնականում դասական գրականությունից` ապահովելով գրական բարձր արժեքների փոխանցումը
- ընտրել այնպիսի ստեղծագործություններ, որ հասանելի լինեն սովորողի մտքին և բավարարեն հոգևոր պահանջները
- սովորողի հետ քննարկման միջոցով հասկանալի դարձնել հեղինակի ասելիքը` ստեղծագործության գաղափարը
- գրական վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով
- որպես ընթերցանության նյութ՝ օգտագործել նաև համացանցային համապատասխան կայքերը և այն ամենը, ինչը համապատասխանում է վերոնշյալ չափորոշիչներին::
Կազմակերպումը.
- Հարցերի և առաջադրանքների հիմնական մասն ուղղվում է բովանդակության ու ձևի քննարկմանը:
- Տրվում են գրականագիտական այնպիսի աշխատանքներ, որոնք զարգացնում են ստեղծագործությունը մանրամասնությունների, բառ-միավորի և պատկեր-միավորի մեջ տեսնելու և ընկալելու կարողությունը:
- սովորողին հնարավորություն է տրվում անկաշկանդ ինքնարտահայտվելու, համադրելու և հակադրելու իր աշխարհայացքն ու մտորումները, զգացողություններն ու ընկալումները:
- Առաջարկվում են ինտերնետային գրական կայքեր` ըստ սովորողի նախասիրության ընթերցելու և ներկայացնելու համար:
Ուսումնական կաբինետը` ուսումնական միջավայր
Լուսավոր, հարմարավետ ուսումնական միջավայր՝ անհրաժեշտ գույքով` սեղաններ, աթոռներ, անլար ինտերնետ:
Ուսուցչին անհրաժեշտ անհատական գործիքներ և նյութեր
Անհատական նոթբուք-նեթբուք` ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և նկարելու գործողությունները կատարող), էլեկտրոնային ուսումնական նյութեր, համաշխարհային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսներ , ուսումնական այլ ռեսուրսներ:
Սովորողին անհրաժեշտ անհատական գործիքներ և նյութեր
Անհատական նոթբուք-նեթբուք` ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և նկարելու գործողությունները կատարող)
ուսումնական նյութեր (մեդիաընթերցարաններ, մեդիագրադարանների, համապատասխան բլոգների հղումներ, էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներ և այլն):
Համացանցը` ուսումնական միջավայր
Համացանցում ուսումնական միջավայր ` mskh.am կայք` mskh-ի էլեկտրոնային գրադարանի ռեսուրսներ, ամսագրեր՝ «Դպիր», «Լուսաստղ», ուսուցչի , սովորողի, մտավորականի, տարբեր գրողների բլոգներ, տարբեր որոնողական համակարգեր, youtube, կայքէջեր, համաշխարհային էլեկտրոնային գրադարանների ռեսուրսներ, ուսումնական TV.Mskh
Թատերական դահլիճները, կինոսրահները, Մարմարյա սրահը, համացանցային կայքերը` ուսումնական միջավայր
Ուսումնական միջավայր են թատերական դահլիճները, կինոսրահները, համացանցային ամենատարբեր տարածքները, որտեղ սովորողը կարող է դիտել և քննարկել գեղարվեստական, թատերական այնպիսի ֆիլմեր և ներկայացումների , որոնք ստեղծված են գեղարվեստական ստեղծագործությունների հիման վրա: Թատերական դահլիճում կարող են ներկայացնել գրական ցերեկույթներ, կինոսրահներում` դիտել և քննարկել իրենց ստեղծած գրական-ուսումնական ֆիլմերը: Համացանցից կարող են ընտրվել գրական տարբեր ստեղծագործությունների հենքի վրա ստեղծված ֆիլմեր, գրական ներկայացումներ: Մարմարյա սրահը կարող է դառնալ և դառնում է մասսայական գրական-գեղարվեստական ստեղծագործությունների` խմբային ասմունքի, մեդիա-ներկայացումների, բեմադրությունների ասպարեզ:
Ուսումնական օրացույցով նախատեսված տոները, ստուգատեսները, փառատոները
Սրանք ապահովում են գրական այնպիսի մթնոլորտ, որտեղ սովորողն ու դասավանդողը անընդհատ ընթերցած գեղարվեստական գրականությունը, դրա միջոցով ձեռք բերած գրական ճաշակը հնարավորություն են ունենում գործնականում կիրառելու ֆիլմերի, բեմադրությունների, տարբեր գրական-գեղարվեստական տեսագրությունների, ընթերցումների և ներկայացման այլ ձևերի տեսքով: Սա միջոց է գրական ստեղծագործությունները ներկայացնել այլ արտահայտչամիջոցների տեսքով, ներկայացնել այլ ձևաչափով, որն իհարկե նպաստում է տվյալ ստեղծագործության առավել համակողմանի և առավել խորությամբ յուրացմանը:
Մեդիա-ընթերցասրահը` ուսումնական միջավայր
Մեդիա-ընթերցասրահը հարմարավետ ուսումնական տարածք է առանձին խմբային քննարկումների, ուսումնական հետազոտություններ և ուսումնական նյութեր պատրաստելու համար:
Հարցերի և առաջադրանքների շտեմարան
Հարցեր և առաջադրանքներ
(ըստ Հակոբ Օշականի «Գրականության դասագրքի» )
1. Թեման
• Ներկայացրեք գործողության տեղը, թելադրանքը, նկարագրությունը, գործողությունները:
• Ի՞նչ գիտեք ներկայացված ժամանակի մասին:
• Հիմնավորեք վերնագիրը, նրա թելադրանքր:
• Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
• Ներկայացրեք արտաքին և ներքին աշխարհները:
2. Գաղափար
• Արդարացրե՛ք ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:
• Կարո՞ղ եք ստեղծագործությունից ապրելու մի ձև մտապատկերել:
• Բացատրեք բառակապակցությունր, տողը, տունը, բանաստեղծությունը:
• Խորհրդին ի՞նչ է ավելացնում տվյալ տողը։
• Առանձնացրեք հիմնական և երկրորդական գաղափարները։ Որտե՞ղ է խտանում խորհուրդը։
• Բանաստեղծության մեջ փնտրեք տվյալ գաղափարների արտահայտությունը։
• Ինչպե՞ս կփոխվի ստեղծագործությունը, եթե նրա մեջ գաղափարի հետ կապված մի տարր փոխվի։
3. Հերոսներ
• Ներկայացրեք հերոսին իբրև ընդհանրացում։
• Ներկայացրեք հերոսի տարիքը, դեմքը (կա՞, կարելի՞ է դուրս բերել բանաստեսծոիթյունից):
• Հերոսը իրակա՞ն է, թե՞ երևակայական:
• Ցույց տվեք քնարական հերոսի և բանաստեղծի հարաբերաթյունը:
4. Պատկեր, պատկերավորման միջոցներ
• Տվյալ պատկերի կարիքը կա՞։
• Վերլուծեք տողը` բանալով յուրաքանչյուր մակդիր:
• Ինչքանո՞վ է պատկերը հարազատ թեմային, գաղափարին։
• Ինչո՞վ է պայմանավորված տվյալ բառի գործածումը։
• Վերլուծեք բառը, հակադրությունը, համեմատությունը, մակդիրը, փոխաբերությունը ։
• Առանձնացրեք նկարագրության, գույնի, ձայնի, թռիչքի տարրերը։
• Տվյալ բառերը ասելիք ունե՞ն, թե՞ ինքնանպատակ են։
• Ցույց տվեք` որտե՞ղ իրականություն կա, որտե՞ղ է երևակայությունը թելադրում:
• Գտեք տողեր, որոնք զգացում կամ խոհ լինելուց առաջ ուղղակի բառեր են թվում։
• Բացատրեք տրված պատկերը։ Փորձեք հանել այդ պատկերը։ Ցույց տվեք կորուստը կամ ձեռքբերումը:
• Ընդլայնեք տրված պատկերը։
• Նկարեք, նկարագրեք պահը։
• Ձևավորեք բանաստեղծությունը, երաժշտություն ընտրեք։
5. Ոճ
• Տվյալ պատկերների օգտագործումը ունի՞ բացատրություն:
• Ո՞ րն է այս բանաստեղծության տիրական արժանիքը։
• Այսօր կարելի՞ է նման բան գրել՝ առանց ծիծաղելի երևալու վախի։
• Այս բառակապակցություններն որչափո՞ վ են մաս կազմում …. սերնդի հոգեբանության։
• Նկարագրե՛ք հեղինակի դեմքը։
• Համեմատեք հաջողված մասը չհաջողվածի հետ։
• Հանել ստեղծագործությունից … (օր. հայկական) գիծը։
6. Լեզու, տաղաչափություն, կշռույթ
• Ի՞ նչ լեզվական դիտողություններ կարող եք անել։
• Հանգավորո՞ ւմը օգնո ւմ է:
• Բանաստեղծությունը դարձրեք արձակ։
• Ի՞ նչ զգացամ եք ունենում բարձրաձայն կարդալիս։
• Ի՞ նչ զգացողություն եք ունենում մտքի մեջ՝ կարդալով տվյալ տողը, քառատողը, պատկերը…:
• Համեմատեք տողերը, տները, տարբեր բանաստեղծություններ, իբրև խիտ պատկեր, իբրև իրականություն…:
Վերլուծություն (հատակագիծ)
Ա
• Մատենագրական տեղեկություններ
• Գրվածքի տեսակը` ոճը
• Նմանություններ և տարբերություններ
• Ոճի առավելությունները
• Այս ոճը իր ժամանակի մեջ
• Գործի արժեքը, մեծությունը
Բ
• Ստեղծագործության մասերը
• Հիմնական գաղափարը
• Երկրորդական գաղափարները(գաղափար, մտածում և այլն)
Գ
• Իրապաշտությունը ստեղծագործության մեջ
• Երևակայության աստիճանը
• Վիճակների ամփոփ, սակայն թելադրող շրջագիծը
Դ
• Փոխաբերություններ
• Կշռույթ
• Լեզվական դիտողություններ
Գրավոր և բանավոր խոսքին ուղղված հանձնարարականներ
• Ընտրեք ասելիքի անկեղծ, պարզ և թեթև ձև:
• Զգուշացեք մանրամասն նկարագրությունից, ավելորդ բառերից, մանավանդ հասարակ ածականների կիրառումից;
• Զերծ մնացեք կաղապարված խոսքից:
• Զգուշացեք խոսքի խճողումներից»
• Գրելիս հաշվի առեք տեղը, պահը, ձեր մտածումները, տրամադրությունը, արտաքին շրջապատի ազդեցությունները:
Բառ և ծանոթություն
Բառարանային աշխատանք