1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց միայն նրա համար, որ ուզում էր թզի համը տեսնել, իսկ աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու` նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց ու անցավ:
Կարդա՛ պատմությունը։
ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ: ՏԻՑԻԱՆՈ ՏԵՐԶԱՆԻ
Ծեր վանականը մահամերձ է: Նա անկողին է մտնում ու հայտարարում է, որ այդ երեկո լքելու է այս աշխարհը: Նրա բոլոր աշակերտները խմբվում են մեռնողի շուրջը: Միայն մեկը՝ ամենանվիրվածը, ուսուցչի մոտ գալու փոխարեն վազում է շուկա: Նա ցանկանում է այնտեղ գտնել քաղցրավենիքը, որը ծերունին շատ էր սիրում: Բայց այդ անուշեղենից շուկայում չկա: Եվ երիտասարդը մի ամբողջ օր է վատնում, որ քաղցրավենիքը պատրաստեն իր պատվերով: Վերջապես ամեն ինչ պատրաստ է: Աշակերտը շնչակտուր վազում է դեպի եկեղեցի ու հևասպառ նետվում է ուսուցչի խուցը: Հենց որ պատանին հայտնվում է շեմքին, ծեր վանականը բացում է աչքերն ու ասում է.
— Վերջապես: Իսկ որտե՞ղ է իմ քաղցրավենիքը,- և այդ բառերի հետ վերցնում է մի կտոր ու սկսում է ծամել մեծագույն հաճույքով:
Աշակերտները սարսափած դիտում են նրան: Նրանցից մեկը հարցնում է.
— Ուսուցիչ, ո՞րն է քո վերջին խրատը: Ինչ-որ բան ասա մեզ, որ մենք կարողանանք քեզ հիշել:
Ուսուցիչը ժպտում է.
— Այս քաղցրավենիքը հրաշալի է,- արտասանում է դանդաղ, կարծես ըմբոշխնելով յուրաքանչյուր բառը:
Նրա վերջին դասը շատ պարզ է. ապրեք հիմա, ապրեք ներկայով, ապրեք յուրաքանչյուր վայրկյանը: Ապագա գոյություն չունի: Գիտակցեք դա: Այժմ, այս ակնթարթին անուշեղենը հրաշալի համ ունի: Ու նույնիսկ մահը հաշվից դուրս է: Առայժմ հաշվից դուրս է:
- Համաձա՞յն եք արտահայտած գաղափարի հետ։
- Հիմնավորե՛ք ձեր կարծիքը։
- Քննարկե՛նք։
Լրացուցիչ Կրթություն
Գրել շարադրություն հետևյալ թեմաներով (կարող ես ընտրել).
- Ես հավատում եմ հրաշքին
- Երկինք
- Աշխարհն այնքան գեղեցիկ է
- Աշնանային հեքիաթ
- Անվերնագիր
Պատումին ներկայացվող պահանջներ.
- անմիջականություն՝ առանց արհեստականության
- ոչ կաղապարված, շաբլոն դարձած արտահայտություններ
- անսպասելի անցումներ
- որքան հնարավոր է՝ պարզ, առանց ձգձգված նախադասությունների
- կենդանի խոսք
- կետադրությունը դրեք ընթացքում, ոչ՝ վերջում
- վերջացնելուց հետո կարդացեք պատումը