Թարգմանչաց տոն
Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված (2001 թ-ից) պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին:
Թարգմանչաց շարժումը սկսվել է հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո՝ 405 թ-ին: Վռամշապուհ արքայի աջակցությամբ թարգմանչաց շարժումը գլխավորել են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտները՝ Մովսես Խորենացին, Եղիշեն, Կորյունը, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Հովսեփ Պաղնացին, Ղևոնդ Վանանդեցին, Մամբրե Վերծանողը, Ղազար Փարպեցին և ուրիշներ:
Առաջինը թարգմանվել է Աստվածաշունչը և այնքան կատարյալ, որ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը(1661–1719 թթ.) այն համարել է «Թարգմանությունների թագուհի»: Առաջին նախադասությունը, որ թարգմանվել ու գրվել է հայերեն՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարո», Սողոմոն Իմաստունի «Գիրք առակաց»-ից է:
Հայ գրերի ստեղծումից հետո թարգմանվել են բազմաթիվ գրքեր: Թարգմանչաց շարժման կարևոր նվաճումներից էր նաև Հայաստանի տարբեր վայրերում հայկական դպրոցների ստեղծումը, որոնք դարձան հայ գրականության և մշակույթի հետագա զարգացման, հայ ժողովրդի ինքնության պահպանման հիմքը:
Թարգմանչաց տոնը Հայ եկեղեցին նշում է տարին 2 անգամ. հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնը, իսկ հոկտեմբերին՝ Մեսրոպ Մաշտոցի ու նրա սաների առաջին թարգմանություններով սկզբնավորված հայ դպրության ու մշակույթի տոնը:
Տարբեր ժամանակներում հայ թարգմանիչներին նվիրվել են բանաստեղծություններ, հոգևոր և ժողովրդական երգեր: Թարգմանչաց շարժմանը և թարգմանիչներին է նվիրված Վարդան Արևելցու «Որք զարդարեցին» շարականը, որտեղ գովերգվում է թարգմանիչների ազգանվեր գործը: Հայոց մեջ տարածված են Սբ Թարգմանչաց անունով վանքեր, եկեղեցիներ, կրթական կենտրոններ: Հայ գրերի գյուտով և Աստվածաշնչի թարգմանությամբ հիմք դրվեց հայ հոգևոր-մշակութային նոր շարժման, որ մեր ազգի ՈՍԿԵԴԱՐԸ դարձավ:
- ի՞նչ տոն է Թարգմանչաց տոնը
- թարգմանական գործի կարևորությունն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում
- հայ առաջին թարգմանիչները և նրանց թարգմանությունները
- Ընտրել անուններից մեկը և ներկայացնել նրա կյանքը, գործունեությունը, արած աշխատանքը, թողած ժառանգությունը
- Ներկայացնել ընթերցումներ ուսումնասիրած հեղինակի գործերից ռադիո կամ տեսանյութով:
Լրացուցիչ Կրթություն
Փորձիր փոխադրել ։
Լուարուք զի ասացաւ. Ակն ընդ ական եւ ատամն ընդ ատաման:
Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթէ ոք ածիցէ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո նմա եւ զմեւսն:
Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո` թող ի նա եւ զբաճկոն քո:
Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի` երթ ընդ նմա եւ երկուս:
Որում խնդրէ ի քէն` տուր. եւ որ կամի փոխ առնուլ ի քէն` մի՛ դարձուցաներ զերեսս: