3․Տրական հոլով
Ես մոտեցա այդ մարդուն: Նայում էի լճի ալիքներին:
Այս նախադասություններում մարդուն, ալիքներին բառերը ցույց են տալիս այն անձը և առարկան, որոնց հանգում է գործողությունը: Այդ բառերը դրված են տրական հոլովով:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ՝
• այն առարկան, որին հանգում է գործողությունը,
• նպատակ, օրինակ՝ Մայրիկը գնաց հացի: Երեխան նստեց դաս սովորելու:
• տեղ, օրինակ՝ Նստեց նստարանին:
• ժամանակ, օրինակ՝ Կեսօրին արևը այրում էր:
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:
Ուշադրություն
Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով, օրինակ՝ Մոտեցա ծառին /մի ծառի/
1․Դուրս գրիր տրական հոլովով դրված գոյականները և որոշիր,թե ինչ են ցույց տալիս։
Ձյուն է գալիս սարին,քարին,
Ձյուն է գալիս լուռ անտառին․․․
Ձյուն է գալիս,ձյուն է մաղում
Կախարդական մեծ ծառուղուն,
Ձյուն է գալիս սարին,քարին,
Սոճիների լուռ անտառին “Հ․Հ․”։
Փառք տանք մայր հողին, Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ, Արևի շողին, Զիզի քարին վե՛ր եկ,
Գինի պարգևող Սև-սև ամպե՛ր, հեռացե՛ք,
Հայոց խաղողին “Ս”։ Արևին ճամփա ՛ տվեք “Ղ․Ա”։
2․Կազմիր նախադասություններ տրական հոլովով գործածելով հետևյալ բառերը։
Պարուհի,մայր,ամառ,ծաղիկ,երկինք,մուկ,ժողովուրդ,զինվոր,ուսուցիչ։
3․Արտագրիր փակագծերի մեջ առնված բառերը դնելով տրական հոլովով,իսկ կետերի փոխարեն գրելով բաց թողնված տառերը։
Աղ․․իկը պատրաստվում է իր (ելույթ)։Հայկը կարոտով նայում էր նոր ( շուն)։Ի․․նելով գնացքից մոտենում է մի անծանոթ (մարդ)։Արևի շողերն ընկել են լեռան բար․․ր (կատար)։Ուսուցիչը գր․․երը հան․․նեց մի (աշակերտի)։(Գարուն) անտառը կանաչ է հագնում։Կինը (ձեռք) բռնել էր պատվոգիր։
Փոքրիկը կոտրեց սափորը: Հայրը տղային հետը անտառ տարավ:
Այս նախադասություններում սափորը և տղային բառերը ցույց են տալիս այն առարկան և անձը, որոնք իրենց վրա են կրում ենթակայի կատարած գործողությունը: Այդ բառերը դրված են հայցական հոլովով:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ՝
• այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը,
• տեղ, օրինակ՝ Մտանք քաղաք:
• ժամանակ, օրինակ՝ Եկող տարի քույրս դպրոց է գնալու:
• չափ ու քանակ, օրինակ՝ Գրեթե մեկ կիլոմետր քայլեցինք:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը), ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ հարցերին:
Ուշադրություն
Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին: Իր ցույց տվող գոյականների հայցական հոլովը ձևով նման է ուղղականին, անձ ցույց տվող գոյականների հայցական հոլովը ձևով նման է տրականին: Անորոշ առումով գործածված լինելու դեպքում անձ ցույց տվող գոյականների հայցականը նույնպես կարող է ուղղականի ձև ունենալ:
Օրինակ՝ Ես բժիշկ կանչեցի:
Որոշյալ առման դեպքում անձի անունների հայցականը ուղղականի ձև չի կարող ունենալ, օրինակ՝ հնարավոր չէ ասել՝ Ես այդ բժիշկը կանչեցի:
Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:
Տնային առաջադրանք
- Գրել փոքրիկ ստեղծագործական շարադրություն “Շնորհավոր 30-ամյակդ ՄՍԿՀ”։
- Շարադրանքից դուրս գրեք տրական և հայցական հոլովով դրված գոյականները։