Տեսություն

Ուղղական հոլով
Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:

Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝գիրք-գիրքը:

1․Կազմեք նախադասություններ և գրեք ձեր օրինակները։

Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են՝
  • ենթական՝  Վտակը ժայռից ներքև է գլորվում:
  • ստորոգյալի մաս կազմող բառը՝ Ժայռի ստվերում կանգնածը իմ ընկերն է:
  • գոյականական անդամի որոշիչ լրացումը՝ Խեցեգործ Ավագը պտտեցնում է անիվը ու կժին ձև 53տալիս:
  • կոչականը՝ Մայրի՛կ, քեզ մի բան պիտի հարցնեմ:

2․Դուրս գրեք այն բոլոր գոյականները ,որոնք ուղղական հոլովով են դրված,որոշեք թե նախադասության ինչ անդամ են։

Պանինը որսորդ է։ Վեց կատաղի շուն ունի։
Շների հետ որսի է գնում Մթնաձորի խորքը։ Պանինից վախենում են: Ոչ ոք չգիտի նրա ազգությունը, հավատը, ծագումը։ Ասում են, որ նախկին սպա է, մարդ է սպանել, նստել է բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն է սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր հոշոտել կնոջը։
Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ունի։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքից է հոգում։ Բացուտներում միրհավ է որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար… Եվ եթե Պանինից երկյուղ չի անում, կամ տեղյակ է լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ է անում, ծածուկ մի տեղ պահում գիշերով տուն տանելու համար։
Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադասեց մի շալակ ցախ տանել տուն։ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։ Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։

 

 

“Ա․Բակունց”

 

3․Գրեք փոքրիկ շարադրություն “Ես ․․․  շատ եմ սիրում” վերնագրով։

  • Կետերի փոխարեն տեղադրեք ձեր սիրելի գույնը։
  • Ինչու՞ եք հենց այդ գույնը սիրում։
  • Ի՞նչ է խորհրդանշում։
  • Ի՞նչ առավելություն ունի ձեր ընտրությունը։
  • Ունե՞ք արդյոք չսիրած գույն։Այո/ինչու՞։Ոչ/ ինչու՞։
  • Ի՞նչ դեր և իմաստ ունի այն ձեր կյանքում։

4․Բերեք բանաստեղծական հատված”քառատող” ,որտեղ առկա է ձեր սիրելի գույնը։

5.Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:

 Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց:

 -Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը:

Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում:

Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է:

Երկու եղբայր ունի:

Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի:

1․Սեռական հոլով

Ծառի ճյուղերը կախվել էին ներքև: Ֆիզիկայի դասը շատ հետաքրքիր էր:
Առաջին նախադասության մեջ ծառի բառը ցույց է տալիս, թե ինչին են պատկանում ճյուղերը, իսկ երկրորդում ֆիզիկայի բառը ցույց է տալիս, թե ինչին է վերաբերում դասը:
 
Ծառի և ֆիզիկայի բառերը դրված են սեռական հոլովով: Դրանք երկուսն էլ  գոյականական անդամի լրացումներ են: Առաջինը լրացնում է ճյուղեր գոյականին, երկրորդը՝ դաս գոյականին:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞  հարցերին:

Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով:

Այդ փոփոխությունները կոչվում են  հոլովումներ:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել  ո -ի կամ ա —ի:

 

1․Դուրս գրեք սեռական հոլովով դրված գոյականները։

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

“Ե․ Չարենց”

2․Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

3․Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն…(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք… (ջրեր)՝…(ալիք) կապտականաչավուն…(լուսարձակում)…(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ…(կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)…(արտադրություն):

4․Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

…(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանող), որը սիրալիր … (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուներ) ձեռքերը: Այդ … (ձև) 8643-րդ … (հաճախորդ) … (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

 

-Ուռա´: Ռուզվելտի … (ռեկորդ) գերազանցեցի:

 

Հավանաբար…(քչեր) է հայտնի, որ 1907…(թվական) Սպիտակ…(տուն) մի…(ընդունելություն) ժամանակ…(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513…(մարդ) ձեռք:

Լրացուցիչ կրթություն

Թարգմանի՛ր հետևյալ կայքերից  քո ընտրած նյութը: